ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«ՄԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՌԱԾ ՄԱՐԴ ԵՆՔ»

  «ՄԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՌԱԾ ՄԱՐԴ ԵՆՔ»
17.05.2011 | 00:00

Եթե փորձենք ԿԱՌԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ անցած ճանապարհը հիշատակել նրա աշխատանքային, հասարակական գործունեության բոլոր հանգրվաններով, ընթերցողին վերջնականապես կխճճենք տարեթվերի ու նրա զբաղեցրած դիրքերի լաբիրինթոսում, սակայն այն, որ այս մարդու կենսագրության մեջ արտացոլված է դեմքերով ու դեպքերով հարուստ բավականին հետաքրքիր ժամանակաշրջան, աներկբա է: Ի դեպ, ոչ միայն հետաքրքրական, այլև ուսանելի:
Տասնութամյա տղային Աբովյանում շուտ նկատեցին և կադրերի սովի այն ժամանակներում արագ ներգրավեցին հանրօգուտ աշխատանքի մեջ` չտեսնելու տալով բարձրագույնի դիպլոմ չունենալու փաստը: Ընդունեցին որպես «Սևան» մարզական ընկերության հրահանգիչ` պարտադրելով զուգահեռել ֆիզկուլտուրա առարկայի ուսուցչությունը:
Բանակում ծառայելու առաջին իսկ տարում ըմբշամարտի հանրապետության հաղթողը դարձավ նաև Օդեսայի զինվորական օկրուգի չեմպիոն: Այս հաջողությունը նա կրկնեց ևս երկու անգամ, նույնքան անգամ դառնալով ԽՍՀՄ զինված ուժերի չեմպիոն: Ծառայությունից վերադարձավ նախկին աշխատանքին: «Սիրիուսում» աշխատելու տարիներին աշխատավորության ընդհանուր ֆիզիկական պատրաստության բարելավմանն ուղղված նրա ջանքերը ծնունդ տվեցին առողջարարական կենտրոններ հիմնելու գաղափարին: Այդպիսիք դարձան գործարանի հանրակացարանների ստորին հարկերը:
Արդեն 1970-ին Կառլեն Հարությունյանն Աբովյանի «Աշխատանք» մարզական ընկերության նախագահն էր` կոմերիտական, արհմիութենական աշխատանքի զգալի փորձով: Քաղաքում նրա այս նոր նշանակմամբ իսկական բում եղավ: Առողջարարական կենտրոնները, պարզ տիպի մարզահրապարակներն սկսեցին սնկի պես աճել, ամրանում էր դրանց նյութատեխնիկական բազան: Քիչ չէր նրա մասնակցությունը նաև Աբովյանի մարզադաշտի հիմնման գործում: Քաղաքային խորհրդի պատգամավորի համար հասունության կատարյալ քննություն էր քաղկոմի քարտուղարի «մարտական» հանձնարարությունը` գործի գցել Մոսկվայի հետ ունեցած կապերը, «Կոտայքը» դուրս բերել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջին լիգա:
-ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Անատոլի Երյոմինն էր` իմ խաս ընկերը,-պատմում է Կառլեն Հարությունյանը: -Ասաց` դժվար բան ես ասում, ժամանակ է պետք, գնա` կտեսնենք: Ասի` դատարկ ձեռքով ո՞վ ինձ Հայաստան կթողնի. կմնամ էնքան, մինչև հարցը լուծես: Ասեմ, որ «Կոտայքի» հարցում նշանակալի էր և այդ ժամանակ ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Նիկիտա Սիմոնյանի դերը: Մի խոսքով` հարցը լուծած վերադարձա: Ավագյանս օդանավակայան մեքենա էր ուղարկել իմ հետևից: Տարան ուղիղ շրջկոմ` էստեղից բխող հաճելի հետևանքներով:
70-ականներին Հայաստանում «Զենիթ» մարզական ընկերություն հիմնելու մի քանի փորձ կատարվեց: Մոսկվան համաձայնությունը պատրաստ էր տալու միայն իր նախընտրած թեկնածուի դեպքում: Ժամանակներն այդպիսին էին, ու երկիրն էր այդպիսին, իսկ «Զենիթ» ունենալ պետք էր` հանրապետության համար միութենական ֆինանսավորման թափանցիկ հեռանկարով: Մոսկվայից իջած «դեսանտը» կոնկրետ առաջարկով հանդիպում ունեցավ կենտկոմի առաջին քարտուղարի հետ:
-Հաջորդ օրը Կարեն Սերոբիչը կանչեց: Ասաց` գնա, թևերդ քշտիր, բայց լավ իմացիր` յոթ զոլ-զոլ կաշի կքերթեմ, եթե լավ չաշխատես: Ասի` Կարեն Սերոբիչ, մենք աշխատանքի մեռած մարդ ենք, ո՞նց կարանք լավ չաշխատենք: Մի խոսքով` ընկերությունը ստեղծեցինք:
Երրորդ մասում կաթսայատուն կար` բաց թողած մի բան, կպանք, սարքեցինք ծանրամարտի և բռնցքամարտի դպրոց` առողջարարական կենտրոնով, ֆիննական բաղնիքով: Մեկն էլ Արցախի փողոցի վրա սարքեցինք: Այնուհետև անցա քաղաքի տարբեր շրջաններում պարզ տիպի սպորտհրապարակներ հիմնելուն: Քաղսովետը տեղեր էր հատկացնում, իսկ ընկերությանը կից ստեղծածս տնօրենների խորհուրդն օգնում էր ինչով կարող էր: Ժամանակի հետ ծնվեց բասկետբոլի կանանց թիմ ունենալու գաղափարը: Ասեմ, որ էստեղ մեծ էր հանրապետության ղեկավարության դերը: Դեմիրճյանն առհասարակ սիրում էր խաղային ձևերը, ասում էր` ինչո՞ւ Էստոնիան պիտի բասկետբոլի թիմ ունենա, մենք չունենանք: Ստեղծեցինք «Հատիսը», որը մինչ այդ գոյություն ուներ սպորտդպրոցի մակարդակով: Կարճ ժամանակ անց թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Զուգահեռ ձևավորեցինք խոտի հոկեյի կանանց երևանյան թիմը: Սա էլ դարձավ Խորհրդային Միության չեմպիոն: Գործ էր` անում էինք:

1986-ին արհմիութենական հինգ մարզական ընկերությունները վերակազմավորվեցին, դարձան արհմիությունների մարզական ընկերությունների հանրապետական խորհուրդ, և Կառլեն Հարությունյանն ընտրվեց նախագահի առաջին տեղակալ: 1988-ին արդեն հանրապետության տուրիզմի ու զբոսաշրջության հանրապետական խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր: Դարձյալ գործի գցվեցին ունեցած կապերը: Կնքված պայմանագրերի, կազմակերպված աշխատանքի շնորհիվ ծանրաբեռնված գործում էին հանրապետության հյուրանոցներն ու էքսկուրսիոն բյուրոները, կատարվում էր տուրիստական խմբերի ակտիվ փոխանակություն, շրջաններում ստեղծվում էին տուրիստական հանգրվաններ։
1992-ից ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Կառլեն Հարությունյանը հանրապետության ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահն է, ոլորտ, որտեղ ծով անելիք կա` իշխանություն-արհմիություն թևերի, աշխատավորության սոցիալ-տնտեսական հարցերի ու էլի շատուշատ խնդիրների հստակեցման ուղղությամբ: Բարեբախտաբար, 70-ամյա այս մարդու և՛ ուժն է տեղը, և՛ եռանդը, և՛ ունեցած կապերն են ամուր, ու այդ ամենը` ի նպաստ հանրօգուտ գործի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ